Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԱՌԱՋԻՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ

ԱՌԱՋԻՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ
02.12.2011 | 00:00

«Իրատես de facto» ակումբում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ լրագրողներին երեկ տեղեկացրեց, որ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի շտեմարանի առաջին մասն արդեն տպագրվել է, և ապագա շրջանավարտներն ու դիմորդներն առաջիկա օրերին կկարողանան ձեռք բերել այն։ Շտեմարանի կազմի վերնամասում նշված է Գնահատման և թեստավորման կենտրոնի անունը, որպեսզի սպառողները թյուրիմացության մեջ չընկնեն և կարողանան ձեռք բերել բնօրինակը։ Ժողովածուի առաջին էջի վրա նաև ԳԹԿ-ի կնիքն է։
Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերին կհրատարակվեն նաև մաթեմատիկայի շտեմարանի երկրորդ և «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի մյուս մասերը։ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի շտեմարանը, ամենայն հավանականությամբ, բաղկացած է լինելու 3-4 մասից։ Այս առարկայի բազմահատոր լինելը պայմանավորված է նյութի ծավալով և ԳԹԿ տպարանի հնարավորություններով։ Բանն այն է, որ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի շտեմարանը բավականին ստվարածավալ է, և տպարանի համապատասխան սարքն այդ հաստությամբ գիրք կտրելու և սոսնձելու հնարավորություն չունի։
Բանախոսի հավաստմամբ` դրական պետք է համարել այն քայլը, որ, մինչև շտեմարանների երկրորդ մասի լույսընծայումը, դիմորդներն ու մասնագետները կծանոթանան առաջինին և վրիպակներ լինելու դեպքում կտեղեկացնեն դրանց մասին:
Շտեմարանի վերջում ներկայացված են առաջադրանքների պատասխանները։ Գուրգեն Խաչատրյանի փոխանցմամբ` նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ բոլոր խնդրագրքերի և թեստերի ժողովածուների տպագրմանը հետևում են դրանց պատասխանների կազմումն ու վաճառքը։ Այդ ամենը կանխելու նպատակով որոշվել է շտեմարանի վերջում տեղադրել նաև պատասխանները։
Նշենք, որ արդեն վաճառքի են հանվել մաթեմատիկայի շտեմարանները։ Դրանց գինը տատանվում է 2 հազար 200 դրամի շրջանակներում։ Մաթեմատիկայի շտեմարանի տպաքանակը 5000 է, իսկ «Հայոց լեզու, հայ գրականությանը»՝ 6000։ Եթե պահանջարկը մեծ լինի, կտպագրվի լրացուցիչ խմբաքանակ։ ԳԹԿ տնօրենը նշեց նաև, որ հետագայում շտեմարանների էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն իրենց կայքում։
Շտեմարանների հեղինակների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մի շարք սկզբունքներ։ Մասնավորապես, աշխատանքային խմբերում ընդգրկվել են և՛ ուսուցիչներ, և՛ կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, և՛ հեղինակավոր մասնագետներ։
ԳԹԿ-ում արդեն աշխատանքներ են տարվում բնագիտական առարկաների շտեմարանների մշակման ուղղությամբ։ Դրանք շրջանառության մեջ կդրվեն մյուս ուսումնական տարվա սկզբին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ